«Ես զգում եմ ժամանակի շունչը»

Էքսկուրսավարուհին օգնում է պատանիներին ծանոթանալ «Զվարթնոց» տաճարի մակետին:

«Զվարթնոց» պատմամշակությաին արգելոց-թանգարանն այսուհետ բաց կլինի նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Ես զգում եմ ժամանակի շունչը» խորագրով շոշափողական կրթական նախագծի հեղինակ Դավիթ Պողոսյանի նախաձեռնությունը միանգամից ողջունեցին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և «Զվարթնոցի» տնօրինությունը:

Արգելոց-թանգարանի տարածքում բրալյան վահանակը տեղադրելուց հետո կառուցեցին նաև թեքահարթակ, որը թանգարանի մուտքը հնարավորինս մատչելի դարձրեց տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար:

Ծրագրին մասնակցելու համար հրավիրված էին Ա. Տիգրանյանի անվան թիվ 14 գիշերօթիկ դպրոցի տեսողական խնդիրներ ունեցող աշակերտները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ մասնագետներ: Հյուրերի համար նախ կազմակերպվեց էքսկուրսիա, այնուհետև նաև քննարկում` «Մշակութային ժառանգությանը հաշմանդամ մարդկանց հաղորդակցությունը» թեմայով:

Էքսկուրսիայի ընթացքում տեսողության խնդիրներ ունեցող պատանիներին հնարավորություն տրվեց ինքնուրույն ընթերցել վահանակի տեղեկությունը  «Զվարթ նոցի» մասին, ինչպես նաև ձեռնոցներով շոշափել որոշ թանգարանային նմուշներ: Պատանիների և երեխաների տպավորություններն ու ստացած տեղեկությունն ամբողջական դարձնելու համար այդ ամենին հավելեցին նաև համի զգացողությունը` տեղում խաղող և նուռ հյուրասիրելով:

— Քանի որ նուռն ու խաղողը ողջ հայկական ճարտարապետությանը և հատկապես Զվարթնոցի զարդարվեստին բնորոշ է, այցելուների տպավորությունները փորձեցինք այսպիսով ամբողջական դարձնել` շոշափողական ինֆորմացիան համադրելով նաև համի զգացողությանը, նաև դրանով դյուրացնելով Զվարթնոցի զարդարվեստի ընկալման գործընթացը, — լրացրեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտաշխատող Դավիթ Պողոսյանը:

Ծրագրի հեղինակը միջազգային փորձին դեռևս 2006-ին էր ծանոթացել, երբ աշխատանքային այցով մեկներ էր Նյու-Յորք:

— Ես ինձ հետ նույնիսկ ձեռնոցների նմուշներ էի բերել, որոնցով կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդիկ շոշափում էին ցուցանմուշները: Շատ էի ուզում, որ այստեղ Հայաստանում ևս այդ փորձը կիրառվի և նմանատիպ ծառայությունները մեզ համար ևս մատչելի լինեն, — հավելեց Դավիթ Պողոսյանը:

Էքսկուրսիային հաջորդող քննարկման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով` կապված հաշմանդամ անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու ուղիների հետ:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրեն Արգամ Այվազյանը համոզված է, որ նախ պետք է մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն լինի, իսկ միջոցներն և հնարավորությունները կստեղծվեն կամաց-կամաց: Օրինակ` «Զվարթնոցում» թեքահարթակը կառուցել են երեք օրում, այն էլ անձրևոտ եղանակային պայմաններում:

Այսպիսով կազմակերպիչներն արձագանքել էին Թանգարանների միջազգային խորհրդի «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» տարվա կարգախոսին:

Նախագիծը կարևոր ներդրում է վերջին տարիներին հաշմանդամներին հասարակական, մշակութային կյանքին, մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու քաղաքականության իրականացման ճանապարհին:

Զարուհի Բաթոյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: